ՀՀ Կենտրական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Ակցիան կազմակերպվել է այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն որոշում է կայացրել չեղարկել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։

Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումը փակում է նրանց համար Ազգային Ժողով մտնելու ճանապարհը։ Նրանք պահանջում են վերաքվեարկություն անցկացնել այդ երկու ընտրատեղամասերում։

Ակցիայի ընթացքում կուսակցության երկու ներկայացուցիչ մուտք են գործել ԿԸՀ-ի շենք՝ պահանջելով տեղեկություն իրենց պահանջի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշման մասին։

ԿԸՀ-ի շենքի մոտ հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, որոնց մասնակցեցին 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին՝ 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։ Սակայն Կենտրական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին հայտարարել էր, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։