Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Այս որոշումը կայացրեց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Եղիշե Հակոբյանը համարվում է գործի առանցքային մեղադրյալներից մեկը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հենց նա է փորձել բենզինով թեժացնել կացարանի վառարանը, ինչի հետևանքով բռնկված հրդեհում զոհվել էին զինծառայողներ։

Դեպքը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհը բռնկվել էր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Ինքնահրկիզման հետևանքով զոհվել էին 15, իսկ 7 զինծառայող վնասվածքներ էին ստացել։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու և դրա հետևանքով երկու կամ ավելի անձանց մահ առաջացնելու փաստի առթիվ։ Քրեական գործ էր հարուցվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու և դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։