Հունիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին տեղեկացնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնն իր ազդեցությունը կդրսևորի հատկապես հունիսի 24-ին և 27-ին։ Հանրապետության մեծ մասում, հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին շրջաններում նաև կարկուտ է սպասվում։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կշարունակի ցուցաբերել հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում», – նշել է Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ցիկլոնն իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։ Չնայած դրան՝ ՀՀ ամենատաք հատվածներում՝ Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։
Հունիսի 28-ից սպասվում է, որ ցիկլոնն իր ուժը կկորցնի, և տեղումները կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Գագիկ Սուրենյանը նաև անդրադարձել է ձմռան և գարնան տեղումների քանակին՝ նշելով, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին և մարտին, հատկապես Արագածի հարավային լանջերին, տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է գերազանցել նորմալ ցուցանիշները։
«Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում այնպիսի դեպք, երբ հունիսի 20-25-ի դրությամբ ծովի մակերևույթից 2700-2800 մ բարձրության վրա լինեն 3-4 մետր ձնաբծեր։ Առանձին հատվածներում ձնաբծերը հասնում են նույնիսկ 6 մետրի։ 2900-3000 մ բարձրության վրա դեռ առկա է համատարած ձնածածկույթ։ Ակնալճի և Քարե լճի վրա դեռևս սառցաշերտեր կան, այն դեպքում, երբ մինչև մայիսի 25-ն արդեն հալված է լինում», – նշել է Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հուլիսի կանխատեսմանը, ապա «Հայհիդրոմետ»-ի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի, ինչը նշանակում է, որ հուլիսը կլինի ոչ շատ շոգ, բայց բավարար տեղումներով։ Ընդհանուր առմամբ, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հանրապետության շրջաններում կտատանվի +24 – +28 աստիճանի սահմաններում, նախալեռնային հատվածներում՝ +30 – +32, իսկ հովտային գոտիներում՝ +32 – +35 աստիճան։
Նրա խոսքով՝ չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, երբ հանրապետության հովտային գոտիներում՝ Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել +38 – +40 աստիճանի սահմանների։ Սակայն ընդհանուր առմամբ հուլիսը կլինի կոմֆորտ ջերմաստիճանով։