Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը գյուղմթերքների նկատմամբ՝ ինչպես ֆերմերային տնտեսությունների մակարդակով, այնպես էլ արտահանող ընկերությունների շրջանում։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները։
Ընդ որում, Օնիշչենկոն ընդգծել է, որ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքն ավանդաբար աչքի է ընկնում բարձր որակով, ինչին, նրա խոսքով, նպաստում է նաև միկրոտարրերով հարուստ հրաբխային հողը։ «Ես միշտ ճշտում եմ՝ եթե հայկական է, գնում եմ։ Տարբեր տարածաշրջաններում աճեցված նույն սորտերն արտաքինից նույն տեսքն ունեն, բայց որակով էապես տարբերվում են», – նշել է մասնագետը՝ օրինակ բերելով հայկական պղպեղը։
Սակայն, ինչպես նշել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, Հայաստանում համակարգային պետական վերահսկողության բացակայությունը ինչպես մասնավոր ֆերմերային տնտեսություններում, այնպես էլ մեծածախ ընկերություններում, որոնք բերք են գնում Ռուսաստան հետագա արտահանման համար, կարող է հարցեր առաջացնել։
Օնիշչենկոն հավելել է, որ խնդիրը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ գործում է տեխնիկական կարգավորման կոլեգիա։ Նրա կարծիքով՝ պատկան կառույցներն անհրաժեշտ մեխանիզմներ ունեն իրավիճակի կարգավորման համար։ «Սա բարդ մասնագիտական հարց է, որը հնարավոր չէ բացատրել երկու բառով։ Բայց մասնագետները գիտեն, թե ինչ անել։ Հայաստանում սանիտարական ծառայությունը միշտ էլ լավ կազմակերպված է եղել։ Ես հիշում եմ բոլոր հիմնական սանիտարական բժիշկներին խորհրդային ժամանակներից։ Այժմ այդ գերատեսչությունը, հնարավոր է, այլ կերպ է կոչվում, բայց անհրաժեշտ կարողությունները պահպանվել են», – հայտարարել է նա։
Նշանակ է, որ մայիս ամսից «Ռոսսելխոզնադզորը» փուլային սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ապրանքների մատակարարման վրա։ Նախ ստուգումներ են կատարվել մի շարք ձկնաբուծական ձեռնարկություններում, այնուհետև՝ ծաղիկների, բանջարեղենի, կանաչու և ելակի մատակարարումներում։ Հունիսի 2-ից սահմանափակումները տարածվել են կորիզավոր մշակաբույսերի և խաղողի, իսկ հունիսի 12-ից՝ գրեթե բոլոր հայաստանյան բուսական արտադրանքի վրա։ Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում նրա արտահանման ավելի քան 90 %-ը։