ԱԺ ընտրությունների արդյունքները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ գործընթացն արդեն նախաձեռնվել է, և Սահմանադրական դատարան դիմելու երկու հիմք կա։ Մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և ապահովել ավելի արդար ընտրական գործընթաց։ Երկրորդը՝ խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել և ֆիքսել՝ որպես կանխարգելիչ միջոց, որպեսզի նման խնդիրներից խուսափվի ապագայում։

Օրբելյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու մի քանի տարբերակ ունի։ Փաստաբանը գործնականում բացառում է, որ ՍԴ կարող է հայտարարել, թե խախտումներ չեն եղել։ Այլ բան է, թե ինչ գնահատական կտա դատարանը՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։

Բացի այդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբանական թիմը սկսել է վիճարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու որոշումները՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Ըստ Օրբելյանի՝ եթե ԿԸՀ-ն իր ամփոփման որոշմամբ անդրադառնա վերաքվեարկության հարցին, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, որոնց մասնակցեցին 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 49,82% կողմնակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28%–ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3,996% քվեներ, ինչը նրան թույլ չի տալիս մտնել խորհրդարան։