Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը նշեց, որ ժողովրդի 51%-ը փաստացի մերժել է ներկայիս իշխանություններին։

Ըստ նրա՝ ընտրությունների ընթացքում բոլորի աչքի առաջ տեղի են ունեցել բռնաճնշումներ, ձերբակալություններ և արտաքին ուժերի ներկայություններ։

«Սա աննախադեպ պատմական զեղծարարության ընթացք էր։ Մարդիկ իշխանություն կորցնելու և դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առաջ են կանգնած, հատկապես պատասխանատվության, որից անընդհատ խուսափում են։ Այդուհանդերձ ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար։ Մի նայեք, թե 49 տոկոսն ինչ եղավ, դա ինչպես է ձեռք բերվել, հետո կպարզվի, թեև արդեն պարզվում է ընթացքում։ Տարբեր քաղաքական ուժեր վեր են հանում, բայց որ փաստացի մեր ժողովրդի 51%-ը մերժել է այս մարդկանց, իրենց տարբեր ծրագրեր, փաստ է։ Գլուխ էին գովում ժամանակին, որ 65% պետք է հավաքեն, ձախողեցին»,-ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ այս ընտրությունները ցույց են տալիս ժողովրդի ցանկությունը տեսնել իշխանության գլխին այլ մարդկանց։