Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի և Ռուսաստանի Դաշնության միջև առկա հարցերը, այդ թվում՝ բնական գազի մատակարարման հարցը, լուծվելու են բացառապես գործընկերային և բարեկամական ճանապարհով։

Այս մասին նա հայտարարել է այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ կատարած հարցազրույցի ընթացքում։

Փաշինյանը նշել է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանիորեն չեղարկել Հայաստանին գազ վաճառելու պայմանագիրը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի իրավական հիմքեր, որոնք պաշտպանում են երկրի շահերը։

«Մենք պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք՝ ընդ որում երկարաժամկետ։ Դժվար եմ պատկերացնում, թե պայմանագրի կողմը այդ պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի։ Դա պայմանագրային գործելակերպ չէ», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ գազի գնի շուրջ մտահոգությունները և քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը աչքի առաջ ունի բոլոր հնարավոր զարգացումները։ Նա նաև շարունակել է պնդել, որ հայկական կողմը «եղբայրաբար, բարեկամաբար ու համբերատար» կքննարկի ՌԴ-ի հետ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել, որտեղ նշվում էր, որ եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միության հետ անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման մասին համաձայնագիրը։