Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի տնտեսության ճգնաժամից վերականգնումը, որը կարող է առաջանալ ԵՄ-ի հետ Երևանի կապերի ամրապնդման հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ֆինանսավորի ոչ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ոչ էլ եվրոպական չափանիշների անցնելու գործընթացը, և ոչ էլ դրան հաջորդող տնտեսական դժվարությունները։

Շոյգուն նշել է, որ պաշտոնական Երևանը հավանաբար չի ցանկանում անցկացնել ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե, քանի որ եթե բնակչությունը դեմ կքվեարկի, իշխանությունները ստիպված կլինեն «տհաճ խոսակցություն» վարել իրենց եվրոպացի հովանավորների հետ։

«Այդ հայտարարության հետևում կա նշված հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Միանգամայն հնարավոր է, որ բնակչությունը դեմ կքվեարկի, և այսօրվա իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ իրենց եվրոպացի հովանավորների հետ», – ասել է նա։

Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, ոչ թե Եվրոպայի։ Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ՝ 10,5 մլրդ դոլարից հասնելով ավելի քան 29 մլրդ դոլարի։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նաև նախազգուշացրել է, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը, թեկուզ ներկայացվի որպես դիվերսիֆիկացիա, նշանակում է խզել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ կապերը։ Նրա խոսքով՝ նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի։

Շոյգուն նշել է, որ ԵՄ-ն կարող է շահավետ նախագծերի համար փոքր գումարներ հատկացնել, սակայն պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը։ Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չի հաջողվի խուսափել էլեկտրաէներգիայի և գազի թանկացումից, ինչպես նաև կորցնի զբոսաշրջության ոլորտում միլիարդավոր դոլարների եկամուտ։